Հանրային Ռադիո, Մանկապատանեկան Խմբագրություն

   10 տարեկան էի երբ պապիկս՝ պապուն, ձեռքս բռնած ինձ տարավ Հանրային Ռադիո, մանկապատանեկան խմբագրություն։ Նույն օրը առավոտյան հեռուստացույցի առաջ նստած էինք, ու ասեցի որ շատ կուզենայի հաղորդում վարել, բարձրաձայնեցի հենց այնպես, ավելի շատ ինքս ինձ համար։ Իսկ պապուն լսեց ու նույն օրը երազանքս իրականություն դարձրեց։
 
 Եվ այդպես ես հայտնվեցի մանկական խմբագրությունում։ Այն ժամանակ խմբագրության սենյակն ուրիշ հարկում էր, ձայնագրման ստուդիան դեռ տեխնիկայով հարուստ չէր, պատանի հաղորդավարներն էլ այնքան շատ չէին ինչքան այսօր, ես էլ շատ ավելի լուռ էի ու ամաչկոտ (վստահ եմ խմբագիրներս կհիշեն)։
  Ռադիոն շատ արագ դարձավ առօրյաիս կարևոր մասը, ու այդպես շարունակվեց մոտ 10 տարի։ Ամեն օր դասերից հետո հպարտությամբ էի քայլում դեպի ռադիոտուն, մուտքի մեծ դռներից ներս մտնելիս ինձ կարևոր էի զգում, ցույց տալիս անցագիրս ու բարձրանում խմբագրություն։ Իսկ այնտեղ ուրիշ աշխարհ էր․․․ Կողքից պարզ ու հասարակ թվացող սենյակն իրականում կախարդական էներգիա ուներ։ Այնտեղ մի խումբ ստեղծագործ մարդիկ կարողանում էին ամեն օր մի նոր աշխարհ ստեղծել ու ուղարկել եթեր, նոր հերոսներ, նոր պատմություններ ու արկածներ։ Իսկ մենք՝ պատանի հաղորդավարներս, պատիվ ունեինք հանդիպել իրական հերոսների, թե ստուդիայում, թե խմբագրությունում։ Մենք այդ աշխարհի մի մասն էինք, մեր ձայնն էր հնչում հանրայինի եթերում․․․ Եթե այն ժամանակ անգամ դա չեմ գիտակցել, այսօր գիտեմ, դա մեծ պատիվ էր։
 
 Ժամանակի ընթացքում ռադիոտան շենքը էլ ավելի ջերմ ու հարազատ դարձավ, մարդիկ նունյպես։ Ասես մի մեծ ընտանիք լիներ, և իհարկե պատասխանատու աշխատանքի կողքին կային նաև խենթ ու խելառ արկածներ, ծիծաղելի կիքսեր, ուղիղ եթերից շփոթված հյուրեր։ Երանի մեր խմբագիրների համբերությանը, որ մեզ պես գժերին պիտի հավաքեին ու տանեին ստուդիա։
   
    Սիրում եմ ռադիոն․․․
    Առաջին հաղորդումը կարդացի Անահիտ Նավասարդյանի հետ, "Արեգ"-ը։ Այդ ժամանակ խմբագրությունում ամենափոքրն էի։ Հետո "Արեգը" վերանվանվեց "Հարրի Փոթերի Ակումբ" ու առավոտյան եթերաժամից տեղափոխվեց կեսօր։ Մանկական խմբագրությունում մի ուրիշ փուլ էլ ինձ համար "Աբռա-Կադաբռա"-ն էր, թեթև, ժամանցային հաղորդում։ Վերջին հաղորդումը կարդալիս ""Հարրի Փոթերի Ակումբ"-ն էինք ձայնագրում մի խումբ պատանիների հետ, այս անգամ ես ստուդիայում ամենամեծն էի․․․

Այսօր ռադիոյի օրն է ու ես ուզում եմ սրտանց շնորհավորել բոլոր ռադիոսիրահարներին ու ոլորտի աշխատակիցների, բայց առանձնահատուկ պիտի շնորհավորեմ Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան Խմբագրությանը, այնտեղ հանդիպած բոլոր ընկերներիս, որոնցից շատերն արդեն իրենց բնագավառում կայացած մարդիկ են, ոմանք արդեն ընտանիք են ստեղծում, առանձնահատուկներն էլ արդյունքում դարձան անփոխարինելի ընկերներ։ Ամեն տարի նոր պատանի լրագրողներ են գալիս մանկական խմբագրություն, իսկ մեր խմբագիրները մնում են ու նույն եռանդով, նվիրվածուրյամբ շարունակում կերտել մի կախարդական աշխարհ թե ռադիոլսողների, և թե սուդիայում գտնվող պատանիների համար։

Շնորհակալ եմ բոլորիցդ․․․ Ռադիոն միայն այսօր չէ որ հիշում եմ, բայց այսօր առիթից օգտվելով կասեմ՝ շնորհակալ եմ։ Անուներ նշելն անիմաստ եմ համարում, վստահ եմ դուք կգտնեք Ջեզ այս տողերում։ Շնորհակալ եմ մեծ փորձի ու գիտելիքների ձեռքբերման համար, անսահման էներգիայի ու ջերմության համար։ Շնորհակալ եմ որ առիթ ունեցա մի մասը լինել այս կախարդական միջավայրի, այն օրից երբ դեռ 10 տարեկան էի, ու պապուն ձեռքս բռնած ինձ տարավ Հանրային Ռադիո, Մանկապատանեկան Խմբագրություն․․․

                                                                                                                    Լիլիթ Ղազարյան