Ողջույն ընկերս:
Այսօր քեզ վերևից եմ նայում: Ինքնաթիռի փոքրիկ պատուհանից աշխատում եմ որսալ քո գիշերային ողջ գեղեցկությունը: Լույսեր... Որքան ջերմություն կա քո լույսերում, որքան գեղեցիկ ես ընկերս: Իմ սիրելի քաղաք, իմ Երևան: Վերևից նայում եմ քեզ ու մտածում, որ ժամանակին գուցե չեմ հասկացել քեզ, բայց դու հանդուրժել ես ու մեղմ ժպտացել: Դու հիմա էլ ես մեղմ ժպտում, իսկ ես փայտացած նստած եմ ինքնաթիռի աթոռին, նայում եմ քեզ ու հասկանում, որ չգնացած արդեն կարոտը խեղդում է ինձ: Անգամ չեմ փորձում զսպել արցունքներս, եթե նույնիսկ ուզենաի՝ չէի կարողանա:
|
Photo by LiLit G. |
Իմ սիրելի քաղաք...
Որքան ջերմ հիշողություններ եմ թողնում քո գրկում ու հեռանում: Գիտեմ, դու դրանք պահելու ես քո տաք սրտում, պահելու ես այնքան ժամանակ մինչև վերադառնամ, ու այդ ժամանակ նորից իմ առջև կբացես անցյալի դռները՝ իմ սեփական անցյալի:
Եթե կարողանաի կգրկեի քեզ ընկերս, ամուր-ամուր կգրկեի հրաժեշտից առաջ: Որքան դժվար է բաժանվել քեզնից քաղաքս, իմ մասնիկ, իմ մանկություն, իմ անցյալ ու ներկա, իմ ապագայի անբաժան մասնիկ: Չէ՛, բաժանումը չի, որ ստիպում է ինձ զգալ այս ամենը: Ես քեզ միշտ էլ կարոտում էի, անգամ երբ քայլում էի քո փողոցներով, բայց վախը, որ հեռավորությունը կարող է օտարացնել մեզ, սարսափելի է:
Բայց դու ժպտում ես...