Մեր կյանքը պայքար է: Պայքարում ենք բոլորս, պայքարում ենք ամեն օր: պայքարում ենք գոյատևման, մեր նպատակների ու երազանքների համար: Պայքարում ենք, որ հասնենք ավելիին: Պայքարում ենք չարի ու վատի դեմ: Աշխատում ենք գտնել բարու փոքրիկ բյուրեղիկներ ու դրանցից մեծ բեկորներ ստեղծել: Պայքարում ենք թե՛ մեր, թե՛ շրջապատի խնդիրների դեմ: Մեծ ու փոքր, կարևոր ու անկարևոր, բայց բոլոր այդ խնդիրներն էլ իրենց ուրույն լուծումն են պահանջում: Իսկ ո՞րն է մեր զենքը: Ժամանակի ընթացքում փոխվում են խնդիրները, դրանց հետ միասին փոխվում են նաև զենքերը: Բայց բոլոր այդ զենքերի հետևում կանգնած է հզորագույն ուժերից մեկը՝ մարդու միտքը: Իսկ մարդու միտքն արտահայտելու բոլոր միջոցներից ու ձևերից լավագույնը գրիչն է: Այդ պարզունակ իրը, հայտնվելով մարդու ձեռքում, հոգի է առնում, կերպարանափոխվում է ու շնչավորվում:
Դառնում է բարի կամ դաժան, միամիտ կամ խորամանկ: Չարաճճի մանուկից մի ակնթարթում վերածվում է իմաստուն ծերունու, հեքիաթից տեղափոխվում է դաժան իրականություն: Իր տարբեր ու հետաքրքիր կերպարների խաղացանկում կարևոր տեղ է զբաղեցնում զենքի կերպարը: Դառնալով զենք՝ մարտի է ելնում, գնում պայքարի, բղավում ու զայրանում: Գրիչը դառնում է ամենաքաջ մարտիկն ու ամենատես մարդը: Եվ զենքերից հզորագույնը՝ գրիչը, դուրս է գալիս պայքարի: Շրջում է փողոցներով ու չի անտեսում ոչինչ: Լուռ հայացք է նետում իրականությանն ու գրում: Անվերջ գրում է: Տխուր նայում է փողոցի անկյունում կուչ եկած մուրացկանին, նստում նրա կողքին ու շարունակում գրել: Հետո գրում է անտարբեր անցորդների մասին, որ անցնում են այդ նույն մուրացկանի կողքով ու միայն անտարբեր հայացքներ նետում նրա վրա: Մի անցորդ էլ դրամ է նետում ու ասում.