Անձրևից հետո

  Երևանյան շոգ ամառ էր: Հուլիսյան արևից քաղաքը հոգնել էր ու մի տեսակ թառամած տեսք ստացել: Շտապող մարդկանց դեմքերն ավելի էին հոգնել, փողոցները մի տեսակ ճնշող էին դարձել ամռան տապից: Գիշերային խավարն անգամ տաք էր ու շոգեցնող: Աշնանն ու գարնանը անձրևից միշտ դժգոհող մարդիկ, ամռան շոգին երազում էին անձրևի մասին:
  Հուլիսյան հերթական մի առավոտ արթնացա անձրևի հաճելի ձայնից: Սառը օդը պատուհանից լցվել էր սենյակ ու այն լցրել էր անձրևի անուշ, տաք բույրով: Ժամանակ չկորցնելով` արագ դուրս եկա փողոց: Անձրևի մանր կաթիլները թափվում էին վրաս ու մոռացնել տալիս նախորդ օրերի անտանելի տոթն ու այրող արևը: Քաղաքում տարածվել էր թարմության ու դուրեկան սառնության շունչը: Սիրում եմ մեր քաղաքի բույրը անձրևից հետո, հատկապես ամառային անձրևից հետո: Օդում տարածվում է տաք ասֆալտի բույրն ու անձրևի կաթիլների սառնությունը:
Մինչ ես հիանում էի ողջ գիշերը եկած անձրևի կաթիլներով, որ ցողի պես մնացել էին ծառերի ու ծաղիկների վրա, անցորդները նորից դժգոհ դեմքերով քայլում էին փողոցով: Մեկը դժգոհ էր, որ ստիպված պիտի անձրևանոց վերցնի, մյուսին դուր չէին գալիս թաց փողոցները, վարորդները նույնպես դժգոհ էին: Եվ քաղաքի եռուզեռը նույն դժգոհությունն էր պարունակում, ինչ նախորդ օրը: Քայլում էի փողոցներով ու զարմանում, որ մարդիկ շտապ քայլերով շարունակում էին իրենց ճանապարհը: Քայլում էին ու չէին նկատում շրջակայքի գեղեցկությունը: Քաղաքը ողջ գիշեր անձրև էր նվիրել տապից դժգոհող բնակիչներին, իսկ առավոտյան նորից արժանացավ նրանց դժգոհությանը: Ես հանդարտ քայլերով առաջ էի գնում` փորձելով որսալ քաղաքի ամեն մի անկյունը, ամեն սալիկն ու ծառի տերևը: Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում գեղեցկացած ու ու թարմացած քաղաքը նորից տխրեց: Անձրևի պայծառ կաթիլները նոր ուժով սկսեցին թափվել արդեն տխուր, իսկ հետո նաև բարկացած: Ու մեղմ ամառային անձրևը դարձավ ավելի հորդառատ, զայրացած թափվեց անցորդների վրա: Փողոցները դատարկվեցին...
  Քաղաքի կենտրոնում կանգնած հետևում էի անձրևից փախչող մարդկանց: Իսկ անձրևն ավելի էր ուժգնանում, դառնում կատաղի: Բայց թվում էր, թե ես չէի թրջվում, ինձ վրա քաղաքը մաղում էր մեղմ արևային անձրևը:
  Ժամեր անց քաղաքի փողոցները թաց էին ու դատարկ, մաքրված փոշուց, մարդկանցից: Կատաղի անձրևից հետո քաղաքը չարախինդ ու խորամանկ ժպտաց չարաճճի երեխայի պես ու շարունակեց մեղմ անձրև մաղել վրաս: Եվ շարունակում էինք քայլել, ես և քաղաքը: Քաղաքն ուրախ էր, լցված մի տեսակ չարաճճի խորամանկությամբ, իսկ ես տխուր էի: Քաղաքի կողքին, քաղաքի մեջ, բայց միայնակ: Տխուր էի, որ մարդիկ այլևս չեն սիրում այն, ինչ գնահատում էին առաջ: Մարդիկ հեռացել են բնությունից, փակվել իրենց վանդակներում, մոռացել իրականի ու գեղեցիկի մասին: Տխուր էի, որ ապրելով մեր քաղաքում`մենք անտեսում ենք մեր քաղաքը: Իսկ քաղաքն անում էր ամեն ինչ իր բնակիչներին գոհացնելու համար, բայց մշտական դժգոհ բնակիչները նորից արհամարհում էին նրան: Ու քաղաքը չարաճճի փոքրիկի պես հորդառատ անձրև մաղեց, կարծես թե պատժելով բնակիչներին:
  Հաջորդ օրը սկսվեց հերթական հուլիսյան առավոտը: Մարդիկ նորից շտապում էին ու դժգոհում: Քաղաքը մեկուսացել էր: Ես նորից քայլում էի փողոցով ու զգում, որ քաղաքն էլ էր տխրել ու իրեն միայնակ էր զգում:
  Այդ ամառ էլ երբեք անձրև չեկավ: Եվ հաջորդ տարիներին էլ ամառը շոգ էր ու միապաղաղ: Քաղաքում այլևս երբեք անձրև չեկավ...
                                                                                                                       © LiLit Ghazaryan